ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հարսին մեղադրանք է առաջադրվել

Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի որդու կնոջ` Ֆրանչեսկա Կուտրուպիի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի հանգամանքները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, հանդիսանալով օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության տնօրեն՝ 2011-2014թթ. ընթացքում վերոնշյալ ՀԿ-ի նախագահի, փոխնախագահի և ՀԿ-ի նախագահության անդամ, ՍՊԸ-ի տնօրենի հետ նախնական համաձայնության է եկել, ձևական գործարք կատարել։ Նա թաքցրել և խեղաթյուրել է այդ ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, հանցավոր գործունեության արդյունքում ստացված՝ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ մակերեսով շենքի և 0,0467 հա. մակերեսով հողամասի ծագման աղբյուրն ու պատկանելությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ Պողոսյանի հարսն այնուհետև տիրապետել և տնօրինել է այդ առանձնապես խոշոր չափերի գույքը՝ դրա նկատմամբ իրավունքները վաճառելով մի շարք անձանց և գրանցելով Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված վերոնշյալ ընկերության անվամբ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ մշակույթի նախկին նախարարի որդու կնոջը` Ֆրանչեսկա Կուտրուպիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ Աբովյան 3-ում գտնվում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական կազմակերպության՝ նախկին ԱՕԿՍ-ի շենքը. այն համարվում է պատմամշակութային հուշարձան։
Հիշեցնենք՝ Հասմիկ Պողոսյանի նկատմամբ նույնպես հետախուզում է հայտարարվել և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ ՀՀ մշակույթի նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով: