Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար քաղաքացին տուգանվել է 500 հազար դրամով

Սա դատարանի կողմից կայացված առաջին դատավճիռն է «ծանր վիրավորանքի» քրեականացմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքում նոր՝ 137.1-րդ հոդվածն ավելացնելուց և այն ուժի մեջ մտնելուց՝ 2021թ. օգոստոսի 30-ից հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստանում քաղաքացին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար տուգանվել է 500 հազար դրամով։ Այս մասին տեղեկանում ենք դատախազության կայքից։
Նշվում է, որ քաղաքացի Փ. Ս.-ն 2021-ի սեպտեմբերի 20-ի երեկոյան զանգահարել է ոստիկանություն, բողոքել Երևան քաղաքի երթուղային տրանսպորտի բնականոն գործունեությունը պատշաճ չկազմակերպելուց և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի ու նրանց ընտանիքների անդամների հասցեին: Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ծանր վիրավորանք, որ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված։
Փ.Ս.-ն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Փետրվարի 2-ին նա մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի՝ հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով:

Նշվում է, որ սա դատարանի կողմից կայացված առաջին դատավճիռն է «ծանր վիրավորանքի» քրեականացմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքում նոր՝ 137.1-րդ հոդվածն ավելացնելուց և այն ուժի մեջ մտնելուց՝ 2021թ. օգոստոսի 30-ից հետո:

Մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նշված հոդվածի հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 263 քրեական գործ, որոնցից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝ վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել են այլ քրեական գործերի:
Հայհոյանքը քրեականացնող հոդվածով հարուցվել է 166 քրեական գործ