ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը շահագրգռված է, որ նորակոչիկի՝ զորամասն ինքնակամ լքելու դեպքի հետ կապված իրականությունը պարզվի: Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` անդրադառնալով շրջանառվող տեղեկությանը, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, վերջինս էլ փախուստի է դիմել:
«Ունենք զորամասն ինքնակամ թողած զինվոր: Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն է զորամասն ինքնակամ թողնելու պատճառ դարձել: Եթե պարզվի, որ ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ: Կարելի է ասել` տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան: Եթե կա, հետևապես բազմակողմանի օբյեկտիվ քննության շրջանակներում նաև ուսումնասիրության առարկա կդառնա իր նշած հանգամանքը»,-ասաց փոխնախարարը:
Նա վստահեցրեց` իրենց ձեռնտու է, որ պարզվեն բոլոր հանգամանքները։
«Եթե իրականում լինի զինվորի նկատմամբ փոքր-ինչ բռնության գործադրման փաստ, ապա կտեսնեք դրա հետևանքները»,- շեշտեց Սարգսյանը:
Հիշեցնենք` զորամասը լքած նորակոչիկի մասին այսօր Facebook–ի իր էջում գրել էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։