Երբ կարելի է փոխել կամ վերադարձնել գնված ապրանքը․ ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել

Երևան. Արխիվային լուսանկար
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կատարած հարցումները վկայում են՝ սպառողների մեծ մասը չգիտի իր իրավունքների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 17 էջանոց ուղեցույց սպառողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ոչ պարենային ապրանքների գնման դեպքում։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում։
Նշվում է, որ ուղեցույցը կազմվել է՝ հիմք ընդունելով Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները։ Բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում սպառողները, երբեմն նաև տնտեսվարողները, տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի հետևանքով հաճախ խնդիրներ են ունենում գնված ապրանքների փոխարինման կամ վերադարձման հարցերում։

Ուղեցույցում սահմանվում է, թե երբ և ինչ պայմաններում սպառողը կարող է վերադարձնել կամ փոխարինել գնված ապրանքը, երբ նա կարող է պահանջել ապրանքի թերությունների շտկում վաճառողից և այլն։

ՄԻՊ-ից տեղկեացնում են, որ պաշտպանի աշխատակազմում գործող Գործարարության ոլոտում իրավունքների պաշտպանության բաժինը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների խախտումները։
Հիշեցնենք՝ Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2018-ի իրադարձություններից առաջ՝ 2016 թվականի փետրվարի 23-ին։ Վեց տարի անց՝ 2022-ի նույն օրը նրա պաշտոնավարումը պաշտոնապես ավարտվելու է։