Բաքուն հայտարարել է առանց նախապայմանների սահմանների սահմանազատման պատրաստակամության մասին

Սահման. Գեղարքունիք. Արխիվային լուսանկար
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով` միջազգային հարաբերություններում կուտակվել է սահմանների որոշման մեծ փորձ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել սահմանների սահմանազատման հարցով ՝ առանց որևէ նախապայմանի և միջազգային փորձի հիման վրա։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։
Բայրամովը խոստովանել է, որ Երևանն իր առաջարկներն է ներկայացրել այդ հարցի վերաբերյալ, սակայն դրանցում, նրա խոսքով, որոշակի նախապայմաններ կան։ Թե ինչպիսի նախախապայմանների մասին է խոսքը, Բայրամովն այդպես էլ չի հստակեցրել։

«Կարճ ժամանակահատվածում ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հակառակ կողմին է հասցրել իր դիրքորոշումը։ Մենք բաց ենք այս գործընթացն սկսելու համար ՝ առանց որևէ նախապայմանների», - ասել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ-ում, չգիտես ինչու, չեն նկատում Երևանի հետևողականությունը սահմանազատման հարցի վերաբերյալ, սակայն պնդում են միջազգային սահմանների ճանաչման կարևորությունը։
Բայրամովի խոսքով ՝ միջազգային հարաբերություններում սահմանների որոշման բավական կայացած փորձ կա։
«Կարծում ենք, որ այս գործընթացն սկսելու համար նոր «գյուտերի» և «կրեատիվ մոտեցումների» կարիք չկա։ Միջազգային սահմանները պետք է ճանաչվեն, սահմանազատման հանձնաժողովը պետք է սկսի աշխատանքը», - նշել է նա։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։
Մայիսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր զորքերը հայելային եղանակով հետ քաշել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով: Առաջարկը դեռ անտեսվում է։