2 տարվա մեջ առաջին անգամ թուրքական ինքնաթիռը Ստամբուլից մեկնել է Երևան. տեսանյութ

Հայկական ավիաընկերության ինքնաթիռը Թուրքիայի ուղղությամբ առաջին թռիչքն իրականացրել էր հունվարի 2-ին։ Մեկ օր անց հակառակ ուղղությամբ չվերթ է իրականացրել թուրքական ավիաընկերությունը՝ ՀՀ մայրաքաղաք հասցնելով ավելի քան 30 մարդու։
Sputnik
Թուրքական «Pegasus» ավիաընկերությունն այսօր իրականացրել է Ստամբուլ-Երևան առաջին չվերթը։
Ruptly–ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են ուղևորները գրանցվում Ստամբուլի օդանավակայանում։ Նրանցից ոմանք ասել են, թե ինչ են մտածում Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման մասին։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, բայց այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Մինչ այդ հայտարարվել էր, որ վերականգնվելու է նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը։
Թուրքիայի իշխանությունները Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու իրավունք տվեցին հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը, Հայաստանի քաղավիացիան էլ նույն ուղղությամբ չվերթեր իրականացնելու թույլտվություն տվեց թուրքական «Pegasus» ավիաընկերությանը։
«FlyՕne»–ի առաջին ինքնաթիռը Երևանից Ստամբուլ մեկնեց երեկ։