Մեծ քայլ կլինի ՀՀ–ի համար. Շալենբերգը` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Ալեքսանդր Շալենբերգ
Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` պետք է աշխատել վստահության հաստատման և տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը մեծ քայլ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Այսօր այս հայտարարությունն արեց Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ պետք է աշխատել վստահության հաստատման և տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ։

«Գիտակից քայլեր են արվում հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Դա մեծ քայլ կլինի Հայաստանի ժողովրդի և ողջ տարածաշրջանի համար»,- ասաց Շալենբերգը։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։