Պեկինի oլիմպիական խաղերի գլխավոր մեդիա կենտրոնի ճաշարանում սնունդ են մատուցում ռոբոտները։ Այսպիսով, կազմակերպիչները որոշել են մեղմել կորոնավիրուսային վարակի տարածման վտանգը։
Ռոբոտները ոչ միայն սնունդ են մատուցում, այլև վերցնում սպասքը:
Ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան Չինաստանի մայրաքաղաքում փետրվարի 4-20-ը: Հայաստանը ներկայացված կլինի դահուկորդներ Միքայել Միքայելյանի, Կատյա Գալստյանի, Անգելինա Մուրադյանի և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի, գեղասահորդներ Թինա Կարապետյանի և Սիմոն Սենեկալի մասնակցությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` հայ օլիմպիականների դրոշակակիր կդառնան գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը:
Չինաստանի մայրաքաղաքը դարձել է պատմության մեջ առաջին քաղաքը, որը կընդունի ամառային և ձմեռային օլիմպիական խաղերը:
Մրցումները կանցկացվեն ինչպես նոր օբյեկտներում, այնպես էլ արդեն գոյություն ունեցող մրցասպարեզներում։
Կօգտագործվեն նաև այն կառույցները, որոնք մնացել են 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո։