Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են

Բախշիյանը չի կարող որպես դատավոր հանդես գալ` մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ Տեղեկանում ենք բարձրագույն դատական խորհրդի որոշումներից։
«Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»,–նշված է ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ երեկ էլ ԲԴԽ-ն բավարարել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Սյունիքի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանները դիմել են ՀՀ ՄԻՊ–ին
Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն է։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել` ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։