ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեիում ավարտվել է Արտաշատի 52-ամյա բնակչուհու՝ առանձին դաժանությամբ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՔԿ-ից։
Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշատ քաղաքի 21-ամյա բնակիչը տևական ժամանակ վիճել է իր հոր հետ, որը մտերիմ հրաբերություններ է ունեցել Արտաշատի 52-ամյա բնակչուհու հետ։
Դեպքի օրը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, ժամը 13:00-ի սահմաններում, անձնական և ընտանեկան հարցերի շուրջ հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել հոր և որդու միջև, որի ընթացքում հայրը որդուն տնից դուրս է հանել:
Վերջինս գնացել է 52-ամյա կնոջ տուն և հաշվի չառնելով , որ տանը գտնվում են կնոջ հարսն ու մանկահասակ երեխան, իր մոտ առկա երկու դանակներով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով կինը մահացել է։
Այդ ընթացքում կնոջ հարսը աթոռով հարվածել է երիտասարդին՝ փորձելով կանխել նրա գործողությունները, սակայն չի կարողացել. երիտասարդը շարունակել է դանակներով հարվածել կնոջ մարմնի տարբեր մասերին և համոզվելով, որ կինը մահացել է, հեռացել է:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձնակի դաժանությամբ սպանություն), որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը` մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: