ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Նկատենք, որ նախաքննական մարմինը որոշումը կայացրել է ավելի քան մեկ տարի առաջ, ինչը ՀՔԾ-ն, որն այսօր կոչվում է հակակոռուպցիոն կոմիտե, գաղտնի է պահել հասարակությունից։ Այսինքն՝ հաղորդագրություն տարածել են մշակույթի նախկին նախարարին վերագրելով ինչ-ինչ կոռուպցիոն երևույթներ՝ առանց նրան մեղադրանք առաջադրելու, իսկ հետագայում հարկ չեն համարել տեղեկացնել, որ իրականում նախկին պաշտոնյան գումար չի հափշտակել, լիազորությունները չի անցել»,–գրում է կայքը։
Հիշեցնենք, որ 2020-ի ապրիլի 10-ին ՔԿ–ն հայտնել էր` 2017թ. «Կաննի» կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովիկ Գալստյանից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարից շուրջ 6.800.000 դրամ գումար։
Ի պատասխան` նույն տարվա հուլիսի 6-ին Արմեն Ամիրյանը դատի էր տվել Հովիկ Գալստյանին: Ամիրյանը բացատրել է, որ այս քայլին գնալու պատճառն այն է, որ դատարանի որոշմամբ Հովիկ Գալստյանին արգելվել է իր վերաբերյալ անհիմն ու կեղծ տեղեկություններ տարածելը, սակայն նա շարունակաբար խախտում է դատարանի պահանջը։