ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Մաքսային ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ են ոչ միայն համապատասխան գիտելիքներ, այլև բարեվարքության պատշաճ մակարդակ։
Աշխատանքի ընդունվելու համար այսուհետ ապագա մաքսային ծառայողները ոչ միայն թեստ են հանձնելու, այլև թեստը հաղթահարելուց հետո` բարեվարքության ստուգման հարցազրույց։
Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը` ներկայցնելով Մաքսային ծառայության բարեփոխումների շրջանակներում ընդունելության ընթացակարգում կատարված փոփոխությունները։
«Այս փուլերը հաղթահարելուց հետո մաքսային ծառայողները հնարավորություն են ստանալու անցնել տեսական ու գործնական դասընթացներ` ծանոթանալու մաքսային գործին։ Դասընթացները նախատեսում են նաև բարեվարքության բաղադրիչ։ Ընդունելության փուլից հետո նախատեսվում է, որ մասնակիցը պետք է թեստավորման ավարտից հետո ներկայացնի նաև բարեվարքության լրացված հարցաթերթիկ»,– ասաց Սողոմոնյանը։
Իսկ թե այս ամենի ավարտին ինչ աշխատանք կառաջարկվի նրանց, ՊԵԿ փոխնախագահի խոսքով, պարզ կլինի քննության ու ուսուցման բոլոր փուլերում մասնակցի ստացած վարկանիշներից։
Դասընթացը դրական գնահատականներով ավարտած մասնակիցներին կտրվեն 3 տարի ժամկետով հավաստագրեր, որոնցով նրանք հնարավորություն կստանան մաքսային ծառայության տորաբաժանումներում թափուր հաստիքի առկայության դեպքում ընդունվել աշխատանքի։
Նոր կարգով ընդունելությունը մաքսային ծառայությունում փետրվարի 1-ից արդեն իսկ սկսվել է և կտևի մինչև փետրվարի 28-ը։ Ծովինար Սողոմոնյանը հայտնեց, որ դիմումներ դեռ չեն ստացել, բայց ՊԵԿ կայքում տեղադրված հայտարարությունը, դատելով 200-ից ավելի դիտումերից, հետաքրքրություն առաջացրել է։