Վայոց Ձորի դիրքերի զինծառայողների քրգործի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ

Քննչական կոմիտե
Երեք զինծառայողների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու (որն առաջացրել է ծանր հետևանքներ) փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը, հայտնում եմ քննչական ծառայությունից։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ մայոր Գ.Գ.-ն, 2021 թվականի նոյեմբերի 16-ին իրականացնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Ն.Ե.-ն նույն ժամանակ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում որպես դիրքի ավագ, իսկ պայմանագրային զինծառայող, շարքային Ս.Մ.-ն, իրականացնելով մարտական դիրքի դիտորդի պարտականությունները, խախտել են «ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները։

Դրանք առաջացրել են ծանր հետևանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, հրամանատարական դիտակետ հանդիսացող N մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, մարտական դիրքում գտնվող ընդհանուր 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են հակառակորդի կողմից։ Նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի սպանված դիերը, համապատասխանաբար, 2021թ. նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին։ Գերեվարված զինծառայողներից 8-ը հետագայում վերադարձվել են հայկական կողմին, ևս 3 ռազմագերիներ դեռևս պահվում են Ադրբեջանի Հանրապետությունում:

Քրեական վարույթի շրջանակներում Գ.Գ.-ին, Ն.Ե.-ին և Ս.Մ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) ,նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։
Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Գերությունից վերադարձած ու կալանավորված Սերժիկ Ամիրխանյանն ազատ կարձակվի
2022 թվականի հունվարի 27-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան։
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ 2021–ի նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը: