Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպել են Անկարայում

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը. Արխիվային լուսանկար
Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և նրա ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հանդիպումը, հաղորդում է Haber Global-ը:
Ինչպես հաղորդվում է, հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև տարածաշրջանային հարցեր:

Աքարը Հասանովին է ներկայացրել Մոսկվայում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար կայացած առաջին հանդիպման ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։