ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը կրկին հետաձգվեց։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր կրկին ստիպված էր հետաձգել դատական նիստը, քանի որ նիստին ներկա չէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները։
«Պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը դատարանին տեղեկացրել են իրենց վատառողջ լինելու մասին, իսկ Հայկ Ալումյանը մասնակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրոսական թեզերի պաշտպանությանը»,-ասաց Դանիբեկյանը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 8-ին։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել։
Ըստ մեղադրանքի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Մեղադրական եզրակացության համաձայն` Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնի պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։