ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Օրենքը պետք է լրացուցիչ երաշխիքներ նախատեսի զինվորական ծառայություն անցնող կանանց համար:Նման հայտարարություն Facebook-ի իր էջում արել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նշվում է, որ օրենսդրությունը հիմնականում սեռով պայմանավորված չեզոք (gender-neutral) է, սակայն հստակ երաշխիքների պակասը (նաև բացակայությունը) բերում է նրան, որ գործնականում ոչ միշտ են հաշվի առնվում սեռային առանձնահատկությունները Զինված ուժերում: Սա կին զինծառայողներին հաճախ է կանգնեցնում խոչընդոտների առջև:
«Չնայած ՊՆ և ԳՇ իրավասու ստորաբաժանումները կին զինծառայողների իրավունքների ապահովման ուղղությամբ կատարել են որոշակի աշխատանք, այդուհանդերձ կան օրենսդրական խոչընդոտներ, որոնք Զինված ուժերում հանգեցնում են կանանց իրավունքների ոտնահարումների»,-նշել է Թաթոյանը։
Մասնավորապես, հասարակությունում կա կարծրատիպային վերաբերմունք կին զինծառայողների նկատմամբ, և կանայք բավարար կերպով ներկայացված չեն զինվորական բարձր պաշտոններում:
Ավելին՝ կին զինծառայողները հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից և բախվում են խոչընդոտների նաև սպայական կոչում ստանալիս:
Շեշտվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի տալիս երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածը հաշվի առնել հերթական զինվորական կոչում շնորհելու համար: Բացի այդ, հղի կին ծառայողների համար հատուկ հանդերձանք նախատեսված չէ:
Հաշվի առնելով խնդիրները, ներկայացված առաջարկները կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, խմբակցություններին, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն: