ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Կրեմլում, ինչպես և ՌԴ արտգործնախարարությունում, հերքել են տեղեկությունը, թե Ռուսաստանը պատասխանել է ԱՄՆ-ին անվտանգության երաշխիքների հարցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը հայտարարել էր, թե Մոսկվան Վաշինգտոնին է փոխանցել իր արձագանքը ամերիկյան կողմից անվտանգության հարցով առաջարկություններին։
Պեսկովի խոսքով, Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ կիսվել է պատկերացումներով, բայց այլ թեմայի շուրջ։
«Ոչ, այնտեղ խառնաշփոթ է առաջացել։ Դրանք այլ պատկերացումներ էին մի քիչ այլ խնդիրների վերաբերյալ։ Առայժմ Ռուսաստանի Դաշնության հիմնական պատասխանը գլխավոր թեմայով այս օրերին չի եղել։ Այդ պատասխանը դեռ պատրաստվում է, իսկ սա պարզապես խառնաշփոթ է առաջացել»,-հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հնարավոր է համարել, որ Պուտինն այսօր կարող է խոսել անվտանգության երաշխիքների՝ ռուսաստանյան առաջարկներին տրված ամերիկյան պատասխանի վերաբերյալ Հունգարիայի վարչապետի հետ բանակցությունների ավարտից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հունվարի 26-ին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Մոսկվային են փոխանցել իրենց գրավոր պատասխանները անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ուսումնասիրում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի պատասխանները։
Հիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան, մասնավորապես, պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։