ԱՄՆ-ի պատժամիջոցների սպառնալիքի պատճառով ՌԴ–ն չի պատրաստվում հետ քաշվել. դեսպանատուն

Ռուս դիվանագետներն ԱՄՆ-ին մեղադրել են անվտանգության անբաժանելիության սկզբունքը խախտելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը չի պատրաստվում հետ քաշվել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքների պատճառով, որոնք հանդես են գալիս երկկողմ հարաբերություններում լարվածության գեներացմամբ։
Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը:
«Լարվածության գեներատորը ոչ թե Մոսկվան է, այլ Վաշինգտոնը։ Մենք չենք պատրաստվում հետ քաշվել՝ ականջ դնելով ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքներին»,- ասված է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:
Դեսպանատանն ընդգծել են, որ հենց ԱՄՆ-ն է խրախուսել Կիևում արմատական-ազգայնական պետական հեղաշրջումը, որի արդյունքում Ղրիմի բնակիչները հայտնվել են ոչնչացման սպառնալիքի տակ և քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին:
Այնտեղ հիշեցրել են, որ Վաշինգտոնն ուկրաինական իշխանություններին ժամանակակից հարձակողական սպառազինություններ է մատակարարում՝ համակերպվելով Դոնբասի խնդիրը ուժային ճանապարհով լուծելու Վլադիմիր Զելենսկու կառավարության ձգտման հետ։
Ռուս դիվանագետները ԱՄՆ-ին նաև մեղադրել են այն բանում, որ նրանք անվտանգության անբաժանելիության սկզբունքի խախտմամբ տարածել են իրենց ռազմական ենթակառուցվածքը՝ մինչև ռուսական սահմաններ: Ընդ որում, հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ռուսաստանն իր տարածքում զինված ուժեր տեղափոխելու ինքնիշխան իրավունք ունի, և դա ոչ մեկին չի սպառնում:
Չինաստանն ԱՄՆ–ին հորդորել է ականջալուր լինել ՌԴ–ի պայմաններին և չխաղալ կրակի հետ
Հիշեցնենք, որ Ուկրաինայում հակամարտության սրման դեպքում արևմտյան երկրները Ռուսաստանին սպառնում են աննախադեպ պատժամիջոցներով։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են «ներխուժում» նախապատրաստելու մեջ՝ հայտարարելով, որ ռուսական զորքերը մոտենում են հարևան պետությանը: Այս ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը ուժեղացնում է ներկայությունը Արևելյան Եվրոպայում։
Մոսկվայում մերժում են բոլոր մեղադրանքները՝ ընդգծելով, որ զորքերը տեղափոխում են իրենց տարածքների սահմաններում։ Ռուսական կողմը նաև հիշեցնում է, որ Ուկրաինան չի պահպանում Մինսկի համաձայնագրերի կետերը, որոնք նախատեսում են հրադադար և շփման գծից ծանր սպառազինությունների հետքաշում: