Երևանի կենդանաբանական այգին հորդորում է ցույց չկազմակերպել

Երևանի կենդանաբանական այգի
Բողոքի ակցիան նախատեսված է Երևանի կենդանաբանական այգու դիմաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհուրդը կոչ է անում ցույցեր չկազմակերպել այգու դիմաց և զերծ մնալ չստուգված տեղեկությունների վրա հիմնված գործողություններից։ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կառավարման խորհրդի հայտարարությունը հրապարակվել է Facebook-ում։
Սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, որ մի շարք բնապահպաններ, կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներ այսօր նախատեսում են ցույց կազմակերպել կենդանաբանական այգու դիմաց։

«Կոչ ենք անում ցույցերի կազմակերպիչներին և մասնակիցներին զերծ մնալ չստուգված տեղեկությունների վրա հիմնված գործողություններից, որոնք խաթարում են այգու բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով տուժում են առաջին հերթին բոլորիս պատասխանատվության ներքո գտնվող կենդանիները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Շեշտվում է, որ այգու խնդիրները պարբերաբար քննարկվում են տնօրինության և աշխատակազմի հետ, և դրանց լուծման համար մշակվում են համապատասխան գործողություններ:
«Անգղների անկումը ԵԿԱ կառավարման խորհրդի 29.01.2022թ. նիստի օրակարգային հարցերից էր։ Անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- նշում են խորհրդից։
Նշենք, որ բողոքի ակցիան նախատեսված է ժամը 13:00–ին։ Ըստ կազմակերպիչների՝ իրենք բողոքում են կենդանիների շարունակվող սպանդի և ապաշնորհ կառավարման դեմ։
Հիշեցնենք` «Հրապարակ» թերթը հունվարի 20-ին գրել էր, որ Երևանի կենդանաբանական այգում սատկել է հինգ անգղ, մեկ արջ և մեկ բեզոարյան այծ։ Պարբերականը նշել էր, որ կենդանիների անկման պատճառը սովն է և պատշաճ խնամքի բացակայությունը։ Թերթի տվյալներով՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը գլուխ չի հանում աշխատանքից, չարաշահումների և միջոցների վատնման մասին լուրեր են շրջանառվում:
Հաջորդ օրը այգին հայտարարել էր, որ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե կենդանիները սովից են սատկում, կապ չունեն իրականության հետ։
Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1950 թվականին, ունեցել է ավելի քան 700 կենդանի։ 2019թ-ին այգու շուրջ բազմաթիվ սկանդալներ եղան՝ կապված տարօրինակ հանգամանքներում կենդանիների մահվան հետ։ Նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հեռացվեց աշխատանքից, իսկ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արևիկ Մկրտչյանը։