ԱՊՊԱ–ի թանկացման դեմ բողոքող 5 վարորդի Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել

Կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով նախատեսված արարքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Երևանի հանրապետության հրապարակում ԱՊՊԱ–ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ին ոստիկանները բերման են ենթարկել։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար»,– նշեցին ոստիկանությունից։
Մեքենաները եղել են առանց համարանիշների, վարորդները` առանց վկայականի. խախտումներ մարզերում
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին վարորդները ավտոերթ իրականացրին Հանրապետության հրապարակում, որից հետո մի քանիսը բերման ենթարկվեց, իսկ նրանց մեքենաներն էլ երթևեկելի գոտուց ավտոքարշակներով տեղափոխվեցին այլ վայր։
Նշենք, որ Հայաստանի ապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ–ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:
Բյուրոյի հաղորդագրության համաձայն` ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։