Պատմական այց ԱՄԷ. Իսրայելի նախագահը հանդիպել է Աբու Դաբիի էմիրի հետ

ԱՄԷ–ի ժառանգորդ արքայազնն Իսրայելի նախագահին ընդունել է պատվո դահլիճում, որտեղ հնչել են երկու պետությունների օրհներգներն ու, ի նշան ողջույնի, 21 կրակոց է արձակվել թնդանոթից։
Sputnik
Աբու Դաբիի էմիր, ԱՄԷ ԶՈւ գլխավոր գերագույն հրամանատարի տեղակալ Մուհամմեդ բեն Զայիդ բեն Սուլթան ալ–Նահայանն այսօր հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ, որն առաջին անգամ էր Էմիրություններում պաշտոնական այցով։

WAM գոծակալության փոխանցմամբ` ընդունելության ժամանակ պաշտոնական միջոցառումներ են անցկացվել։ Թագաժառանգը նախագահին ընդունել է պատվո դահլիճում, որտեղ հնչել են երկու պետությունների օրհներգներն ու, ի նշան ողջույնի, 21 կրակոց է արձակվել թնդանոթից։

Նշվում է, որ հանդիպմանը ներկա էին նաև ԱՄԷ արտգործնախարարը, փոխվարչապետը, արդյունաբերության նախարարն ու հատուկ գործերով Աբու Դաբիի էմիրի խորհրդականը։
Իսրայելական կողմից նախագահի հետ ժամանել էին նաև Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄԷ–ում դեսպան Ամիր Հայեքը։
Իսրայելի նախագահը հանդիպել է Աբու Դաբիի էմիրի հետ
Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսին Իսրայելն ԱՄԷ–ի հետ հաշտեցման համաձայնագիր ստորագրեց։ ԱՄԷ–ն դարձավ արաբական երրորդ երկիրը (Եգիպտոսից և Հորդանանից հետո), որը խաղաղ ճանապարհով Իսրայելի հետ ամբողջությամբ կարգավորել է դիվանագիտական և տնտեսական կապերը։ Կողմերը պարտավորվել են վերականգնել հարաբերությունները և համատեղ որոշել ներդրումների, զբոսաշրջության, ուղիղ ավիաչվերթերի, անվտանգության և երկրների միջև հեռահաղորդակցության զարգացման ծրագրերը։