Այսօր «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում մեկնարկեց Հայաստանի ազգային օրը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարը նաև այս հանդիսավոր արարողությունը ներկայացնող տեսանյութ է հրապարակել։
Հայաստանի Ազգային օրը մեկնարկել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո՝ հայկական եռագույնի բարձրացման արարողությամբ։
«Ազգային օրվա պաշտոնական բացման իմ ելույթում կարևորել եմ աշխարհում գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների և նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար»,- գրել է նախարարը։
Նա նաև խոսել է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի գրավչությունների մասին։ Նախարարն առանձնահատուկ շեշտել է տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են առավել հետաքրքիր լինել օտարերկրյա ներդրողների համար։
Քերոբյանը կարևորել է մեր երկրի մասնակցությունը նման մեծամասշտաբ ցուցահանդեսներին։ Նրա խոսքով՝ դա հնաավորություն է երկրի ճանաչելիության բարձրացման, նոր համագործակցությունների հաստատման և դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման համար։