Վիրուսաբանը բացատրել է «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածման պատճառները

Սերգեյ Նետեսովը վստահ է, որ վարակվելու դեպքում հիվանդությունն ավելի հեշտ տանելու համար պետք է պատվաստվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության նոր «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածումը կապված է դրա առանձնահատկությունների՝ ավելի արագ վերարտադրության և պատվաստանյութի պաշտպանության հաղթահարման հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է վիրուսաբան, Նովոսիբիրսկի պետական համալսարանի բիոնանոտեխնոլոգիայի, մանրէաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ Սերգեյ Նետեսովը։

«Առաջին հերթին «Օմիկրոն» մանրէահիմքը բավականին տարբերվում է վարակված մարդու օրգանիզմում արագ վերարտադրության շնորհիվ։ Երկրորդ՝ այն բավականին փոփոխված է մակերեսային սպիտակուցի հակածինների առումով, և այդ պատճառով այն մեծամասամբ հաղթահարում է գոյություն ունեցող պատվաստանյութերի նկատմամբ իմունիտետը, հատկապես եթե մարդիկ պատվաստվել են ավելի քան կես տարի առաջ»,– ասել է գործակալության զրուցակիցը:

Երրորդ պատճառը, ըստ նրա, ընդհանուր առմամբ բնակչության իմունիզացիայի ցածր տեմպերն են։
Բժիշկն ասել է` ինչով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքը
«Մարդիկ անընդհատ մտածում են, որ իրենց ինչ-որ կախարդական բան է դուրս բերելու իրավիճակից, իսկ իրականում պատվաստանյութից բացի ոչինչ չի օգնում։ Ամեն դեպքում, պատվաստվածների մոտ հիվանդությունն ավելի հեշտ ընթացք է ունենում, իսկ չպատվաստվածների պարագայում՝ ոչ այդքան. նրանց ավելի քան 90 տոկոսը ծանր հիվանդների շրջանում է»,- ասել է գիտնականը:
Ավելի վաղ սիբիրցի գիտնականները Նովոսիբիրսկի ագլոմերացիայի նոր թեստ-համակարգի փորձարկումների արդյունքներով պարզել էին, որ «Օմիկրոն» մանրէահիմքը հունվարի առաջին երկու շաբաթում դարձել է գերիշխող՝ գրեթե դուրս մղելով կորոնավիրուսի նախորդ մանրէահիմքերը: