«Կյանքս շարունակվում է...». 44-օրյայի զինհաշմանդամները փորձում են սպորտով հաղթել ցավին

Սպորտը կոփում է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես․ հունվարի 24-28-ը Ծաղկաձորում անցկացվեց ուսումնամարզական ճամբար՝ նախատեսված 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած տղաների համար։
Sputnik
44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած բազմաթիվ տղաներ պատերազմից գրեթե 1 ու կես տարի անց էլ շարունակում են իրենց պայքարը կատարվածն ընդունելու ու կյանքի բնականոն հուն վերադառնալու համար։
Այս ճանապարհին լավ օգնական կարող է դառնալ սպորտը։ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Գոհար Նավասարդյանը դա լավ գիտի.համոզվել է` սպորտը ոչ միայն ֆիզիկապես է ուժեղացնում, այլև հոգին է կոփում։
Հենց այդ համոզմունքից էլ ծնվել է 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղաների համար 5-օրյա ուսումնամարզական ճամբար կազմակերպելու գաղափարը։
Հեղինակները Չելյաբինսկի հայ համայնքի ներկայացուցիչ Էդուարդ Հայրապետյանն ու «Рожденная побеждать» բարեգործական կազմակերպության ղեկավար Լարիսա Լունևան են։ Նրանց գաղափարին միացան Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն, Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը և համատեղ ջանքերով հունվարի 24-28-ը Ծաղկաձորում անցկացվեց մարզական կողմնորոշման ճամբար։
Արցախյան պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողները բասկետբոլ են խաղում Ծաղկաձորում
«Նպատակն այն էր, որ սպորտն օգտագործենք որպես շարժիչ ուժ, մեթոդ, որ տղաները դուրս գան տնից, ծանր մտածմունքներից, դադարեն մեկուսացած լինել, կարողանանք նոր աշխարհ ցույց տալ, որ սպորտի միջոցով կարելի է նոր հաղթանակներ, վերելքներ գրանցել, որ նրանք կրկին այդ հաղթանակի բերկրանքը զգան»,- նշում է Գոհարը։
Խոստովանում է՝ բավականին բարդ էր տղաներին համոզել, որ մասնակցեն այս ճամբարին. հոգեբանական խնդիրները դեռ հաղթահարված չեն, նրանք կարծում են՝ իրենց կարգավիճակում սպորտն իրենց համար չէ։ Արդյունքում ճամբարի մասնակիցների թիվը մեծ չէ։ Այնուամենայնիվ, Գոհարը վստահ է, որ մասնակից 9 տղաների կյանքը փոխվեց։
44–օրյա պատերազմի մասնակից Գարիկ Քոչինյանը Ծաղկաձորի լողավազանում
«Այս ընթացքում տարբեր սպորտաձևեր փորձեցին տղաները։ Սկզբում ասես մենք լուսնից իջած լինեինք կամ իրենք այլմոլորակային տեսած լինեին, չէին պատկերացնում, թե ինչպես կարելի է ունենալ հաշմանդամություն ու չմտածել այդ մասին։ Այս օրերին իրենք էլ համոզվեցին, որ դա հնարավոր է»։
Գոհարն ասում է՝ եթե անգամ ճամբարը չօգնի տղաներին որևէ սպորտաձևով հետաքրքրվել, ապա գոնե 5-օրյա այս շփումը նրանց շատ բան կտա, կտեսնեն նաև իրենց՝ արդեն երկար տարիներ հաշմանդամություն ունեցող մարդկանց, որոնք կարողացել են հաղթահարել խնդիրներն ու լիարժեք ապրել։
Արցախյան պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողները բասկետբոլ են խաղում Ծաղկաձորում
Այս առումով խորհրդանշական է, որ ճամբարին միացել է նաև Արշակ Հովհաննիսյանը։ Նա հաշմանդամություն է ձեռք բերել 1994–ին` արցախյան առաջին պատերազմի տարիներին։
«Հորադիզում էինք, ես 20 տարեկան էի, գնացել էինք առաջադրանք կատարելու։ Պայթեցի մի ականի վրա, ինձ շպրտեց երկրորդ ականի վրա, էդ մեկն էլ պայթեց, տենց երկու ոտքս էլ կորցրի»,- պատմում է Արշակը և նույնիսկ այս սարսափազդու տեսարանը նկարագրելիս միջանկյալ կատակներ անում։
Արշակ Հովհաննիսյան
«Ես մեկ-մեկ մտածում եմ, որ եթե էս ամեն ինչը եղած չլիներ, ես ի՞նչ էի անելու՝ ստանդարտ կյանքով էի ապրելու՝ ընտանիք, գործ։ Հիմա հնարավորությունները ոչ թե ավելի շատ են, այլ պետք է ավելին անես։ Ես վստահ եմ, որ եթե հաշմանդամություն չունենայի, սպորտով չէի զբաղվելու։ Դե, ամուսնանալու էի, գործի էի գնալու, երեխեքին պարապմունքի էի տանելու, վարագույրն ու լամպոչկան էի փոխելու»։
Արշակ Հովհաննիսյան
Հիմա Արշակ Հովհաննիսյանը Հայաստանի անվասայլակներով հաշմանդամների բասկետբոլի ԲԿՄԱ թիմում է, որն արդեն մի քանի տարի է՝ չեմպիոն է ճանաչվում Հայաստանում և Վրաստանում։ Նա իր օրինակով է ցույց տալիս, որ ցանկացած իրավիճակ կարելի է նոր բանի սկիզբ դարձնել, ինչպես ինքն արեց։
Նախկինում այս տղաները չէին պատկերացնում, որ կարող են լողալ, լեռնադահուկային սպորտով զբաղվել, բասկետբոլ խաղալ, պարել, բայց փորձեցին ու ստացվեց։ Ասում են՝ ամենամտահոգող, մի քիչ էլ վախեցնող սպորտաձևը լողն էր, բայց դա էլ հաղթահարեցին։ Մեր նկարահանման պահին լողորդի նոր հմտություններն էր փորձարկում ոստիկանության նախկին ծառայող Գարիկ Քոչինյանը, որը ծանր վիրավորում է ստացել Շուշիում։
1 / 5

44–օրյա պատերազմի մասնակից Գարիկ Քոչինյանը

2 / 5

44–օրյա պատերազմի մասնակից Գարիկ Քոչինյանը

3 / 5

Արցախյան պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողները բասկետբոլ են խաղում Ծաղկաձորում

4 / 5

Արցախյան պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողները բասկետբոլ են խաղում Ծաղկաձորում

5 / 5

Արցախյան պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողները բասկետբոլ են խաղում Ծաղկաձորում

Ոստիկանության ներքին զորքերի նախկին ծառայող 25-ամյա Արտակ Դավթյանը նույնպես ծանր վիրավորում է ստացել Շուշիում (2020–ի նոյեմբերի 5-ին)։ Կորցրել է աչքը, արդեն 6 վիրահատություն է տարել դեմքի աջ հատվածի վերականգնման համար, առջևում դեռ մի քանի վիրահատություններ էլ կան։ Նախկինում որևէ մարզաձևով չի զբաղվել, ասում է՝ ժամանակ չուներ։ Կատակում է` հաշմանդամությունը չլիներ, սպորտով էլ երևի չէր զբաղվի։
Արտակ Դավթյան
Հրաժեշտից առաջ էլ ժպտալով հաստատում է՝ «կյանքս շարունակվում է»։