21-ամյա Մարիանան կաշառք է առաջարկել պարեկներին. նրան բերման են ենթարկել

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Երևանի Իտալիայի փողոցում 21-ամյա Մարիաննա Խ.–ն ոստիկանության պարեկային ծառայողներին կաշառք է առաջարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանները ցանկացել են վարչական արձանագրություն կազմել։ Գումար առաջարկելուց հետո, սակայն, պարեկները նրան բերման են ենթարկել»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Թե ինչ խախտում է կատարել քաղաքացին, չի նշվում։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին էլ Երևանի ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից վարորդի են բերման ենթարկել գումար առաջարկելու համար։ Վերջինս մեքենան կայանել էր չթույլատրված վայրում և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց փորձել էր գումարը նետել պարեկների ծառայողական մեքենայի սրահ։