Հայաստանն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորել է Հայոց բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Երեք տասնայմակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և՛ փառապանծ օրեր, և՛ անցել բազմաթիվ փորձությունների միջով: Այս մասին ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայ ժողովուրդն ըստ արժանվույն է գնահատում մեր բոլոր հերոս տղաների՝ այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների սխրագործությունները, որոնք մինչև վերջ, անմնացորդ պայքարել են հանուն Հայրենիքի պաշտպանության, անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման»,-նշել է վարչապետը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը գնում է Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առավելությունները, բացթողումներն ու խնդիրները:
«Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված»,-նշել է նա:
Բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը , Փաշինյանի խոսքով, մեր առաջնահերթությունն է։
Նշվում է, որ 2018 թվականից ՀՀ կառավարությունը սկսել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը, և այն կրելու է շարունակական բնույթ: Դրան զուգահեռ պիտի բարձրանան նաև ծառայության գնահատման ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, ֆիզիկական ու հոգեբանական պատրաստության չափանիշները, և այս կետերի վրա պետք է հենվի հանրային հարգանքն ու պատկառանքը բանակի նկատմամբ:
Վարչապետը Բանակի օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորել է Հայոց բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին, սպաներին, գեներալներին:

«Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ. նրանց հիշատակն անմահ է, գործը՝ սրբազան: Աստված պահապան Հայոց բանակին»,- եզրափակել է Փաշինյանը։

Նշենք, որ այսօր` հունվարի 28–ին, նշվում է Հայոց բանակի կազմավորման 30–ամյակը։
Հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով, ուստի նա մեկուսացած է և Եռաբլուր չի այցելել։
Եռաբլուր են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և այլք։