Եռաբլուր շատերն են գալիս, հատկապես հարսնացուները... նախկին

Նախկինում վետերանները հավաքվում էին Եռաբլուրում, հետո նշում գնդի կազմավորումը ռեստորանում, բայց վերջին տարիներին դրա սիրտը չունեն։
Sputnik
Եռաբլուրը ընկղմված է թանձր ծխի մեջ, չնայած Երևանում արևոտ է. սևազգեստ բազմաթիվ մարդիկ խունկ են ծխում ընկածների շիրիմներին։ Ամեն տապանաքարի կողքին երկու աման է դրված, մեկը կարմիր թեժացված ածուխով, իսկ մյուսը՝ խնկով։ Ամեն անցնողը կրակին իր բաժին խունկն է գցում, մի քանի րոպե լռում շիրիմի մոտ ու հեռանում։
- Սպասի մեր Վալոդին էլ բարևեմ, – ասում է տղամարդը ու մոտենում մարտական ընկերոջ շիրիմին, – բարև, ընգեր ջան, շնորհավոր։
Բանակի օրը Եռաբլուրում
Նա մի քանի րոպե կանգ է առնում, հետո հասնում ընկերոջ հետևից, որն է իր հերթին մեկ այլ շիրիմի մոտ հանդիպել է դեսանտագրոհային գնդի վետերաններին։ Սա հայկական բանակում ստեղծված առաջին գունդն է, որի կազմավորմամբ էլ սկսվեց ռազմական ուժերի ձևավորումը։
Նախկինում վետերանները հավաքվում էին Եռաբլուրում, հետո նշում գնդի կազմավորումը ռեստորանում, բայց վերջին երեք տարում դրա սիրտը չունեն։ Հիմա հարգանքի տուրք են մատուցում զոհված ընկերների հիշատակին ու բաժանվում։
ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Վիտալի Մանուչարյան
«Մենք կազմակերպել ենք առաջին զորակոչը 1992 թվականին։ Դժվար էր, բայց մարտական ոգին բարձր էր։ Զորակոչից ամիսներ անց, երբ տղաներին ասեցինք, որ դժվար օպերացիայի ենք գնում, ցանկացողները կարող են մի քայլ առաջ գնալ, շարքում ոչ ոք չմնաց։ Սպաները ստիպած ընտրեցին օպերացիայի մասնակիցներին։ Այդպես էր առաջ», - Sputnik Արմենիային պատմեց փոխգնդապետ Վիտալի Մանուչարյանը։
Բանակի օրը Եռաբլուրում
Այս գնդի վետերանների մեջ նկատում ենք նաև գնդապետ Ստանիսլավ Երյոմինին։ Նա դեռ ամբողջությամբ չի կազդուրվել ու հենակներով է քայլում, բայց առաջին անգամ պատերազմից հետո եկել է մարտական ընկերների հետ հանդիպման։ Գնդապետը հպարտությամբ պատմում է իրենց գնդի մասին, խնդրում, որ ընկերներն էլ իրենց խոսքն ասեն, բայց նրանք զինվորականին բնորոշ զսպվածությամբ մերժում են։ Ասում են` այսօր սիրտ չկա։
- Ի՞նչ եք զգում, երբ շրջում եք Եռաբլուրում։
- Վիրավորվելուց հետո առաջին անգամ եմ եկել։ Եթե անկեղծ լինեմ, վախենում եմ, թե ինչ եմ տեսնելու այն թևում։
Բանակի օրը Եռաբլուրում
Նա խոսում է պանթեոնի այն հատվածի մասին, որտեղ 44-օրյա պատերազմի մասնակիցների շիրիմներն են։ Այդ հատվածում կանանց հեծկլտոցները քիչ–քիչ վերածվում են տղամարդկանց զուսպ հոգոցների։ Օդում թախիծ է, իսկ մարդկանց դեմքին՝ զսպված արցունքներ։ Տղամարդիկ միայնակ կամ խմբերով քայլում են, շիրիմների մոտ կանգնում ու հիշողություններով կիսվում։
- Մի օր հարցրեց` գլխարկդ ո՞ւր է, քո մոտ արյան տեղը անտիֆրի՞զ ա, ես էլ տակից դուրս եկա, թե ինձ պետք չի, ես դեռ մազ ունեմ։
Եռաբլուրի այս հատվածում յուրօրինակ միասնականություն կա։ Բոլորը ճանաչում են միմյանց, փորձում գտնել այս կամ այն հերոսի շիրիմը, իսկ եթե հարևան շիրիմին դեռ այցի եկող չի եղել՝ խունկ են ծխում ու սրբում գերեզմանաքարը։ Ի դեպ, այս հատվածում առաջին անգամ հանդիպում ենք կին ազատամարտիկի լուսանկարի. Կարինե Աղաբաբյանն է։ Կանգ ենք առնում։ Պանթեոնի այցելուներից մեկն առանց բարևելու պատմում է. «Խիզախ կին է եղել, իր մասին շատ եմ լսել, ու ոչ միայն բարեկամներից»։ Մի պահ լռում ենք ու հետևում մեզ մոտեցող երիտասարդների խմբին։
1 / 10
Բանակի օրը Եռաբլուրում
2 / 10
ՀՀ ԶՈւ գնդապետ Ստանիսլավ Երեմին
3 / 10
Բանակի օրը Եռաբլուրում
4 / 10
Բանակի օրը Եռաբլուրում
5 / 10
Բանակի օրը Եռաբլուրում
6 / 10
Բանակի օրը Եռաբլուրում
7 / 10
Բանակի օրը Եռաբլուրում
8 / 10
Բանակի օրը Եռաբլուրում
9 / 10
Բանակի օրը Եռաբլուրում
10 / 10
Բանակի օրը Եռաբլուրում
«Մեր երեխեքի ընկերներն են ` մեկը ավելի մեծ, մյուսը ավելի փոքր... Հիմա իրենք շատ են գալիս, հատկապես հարսնացուները...նախկին»,– հազիվ արտասանում է վերջին բառը։
Հետո նա շրջվում է դեպի մեկ այլ շիրիմի կողմ։ Այնտեղ կանգնած են երկու աղջիկ ու մեկ երիտասարդ տղա, որը շատ նման է լուսանկարից ժպտացող երիտասարդին։ Տղամարդը պատմում է, որ զոհված զինվորի քույրը բերել է փեսացուին եղբոր հետ «ծանոթացնելու»։ Սկզբում տղան շատ էր վախենում սեր խոստովանել, քանզի կարծում էր, թե արժանի չէ հերոսի քրոջը։
- Արժանի է։ Հիմա համ եղբայր կլինի նրան, համ էլ ամուսին։ Թող Աստված պահի իրենց ու իրենց ընտանիքը, – հարևանի շիրիմից սկսում է օրհնել սևազգեստ մի մայր...