Արցախում խաղաղապահներն ԱԹՍ-ների կիրառմամբ են վերահսկում իրադրությունը

Օդային հսկողությունն իրականացվում է շաբաթը 7 օր, 24 ժամ ռեժիմով:
Sputnik
Ռուսական խաղաղապահ խմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման խնդիրներ են կատարել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Անօդաչու թռչող սարքերի հաշվարկը Լեռնային Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, կատարում է լեռնային տեղանքի պայմաններում իրադրության վերահսկման միջոցառումներ: «Օռլան-10»-ի օպերատորները օդային հսկողություն են իրականացնում օրը 24 ժամ, շաբաթը 7 օր: Անցած ժամանակահատվածում հրադադարի խախտում չի արձանագրվել»,-ասում է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Կոնստանտին Եգորովը:

Ռուս խաղաղապահները իրական ժամանակի ռեժիմում անօդաչու թռչող սարքից տվյալներ և պատկերներ են ստանում կառավարման կետում, որտեղ անցկացվում է Լեռնային Ղարաբաղի՝ պատասխանատվության գոտում գտնվող ողջ տարածքի իրադրության շուրջօրյա հսկողություն: Կառավարման կետում իրական ժամանակում վերլուծում են անձնակազմի բոլոր տեղաշարժերը, ինչպես նաև վերահսկում են ուղեկցվող ավտոշարասյունների տեղաշարժը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: