ԶՈւ ԳՇ հանձնաժողովի անդամներին Մովսես Հակոբյանի գործով հրավիրում են դատարան․ «Ժողովուրդ»

Մովսես Հակոբյան. Արխիվային լուսանկար
Դատարանում ցանկանում են պաշտոնյաներից հասկանալ, թե որքանով են Հակոբյանի հայտարարությունները պետական գաղտնիք պարունակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik․ ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործով նոր զարգացումներ կան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Գրել էինք, որ 2021 թվականի մայիսի 4-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով։ Գեներալ-գնդապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով (պետական գաղտնիք հրապարակելը)։ Հունիսի 29-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ չնայած դատարանում նիստերը դռնփակ են անցկացվում, սակայն հետաքրքիր հանգամանք է առկա: Մասնավորապես, Զինված ուժերի գլխավոր շտաբում այժմ ստեղծված է հանձնաժողով, որոնց անդամներին հերթով հրավիրում են դատարան: Նման քայլի պատճառն այն է, որ ցանկանում են հենց այդ պաշտոնյաներից հասկանալ, թե որքանով են Հակոբյանի հայտարարությունները պետական գաղտնիք պարունակում:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 19-ի ասուլիսի ընթացքում գեներալ-գնդապետը պնդել էր, թե բանակը պահեստազորայիններով համալրելու փոխարեն, կամավորներին են ուղարկել առաջնագիծ, գնվել է սխալ զինտեխնիկա, միևնույն ժամանակ նոր իշխանություններին մեղադրել էր սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլանները փոխելու, օպերատիվ օղակն ավելացնելու ու իսկական կռվողներին կրճատելու համար:
Մովսես Հակոբյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել