Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է «Արմավիր» ՔԿՀ ու Մայր աթոռ

Բրեգաձեն կարճ տեսակցություն է ունեցել Վրաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, որոնք պահվում են «Արմավիր» ՔԿՀ-ում։
Sputnik
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Բրեգաձեին ուղեկցել են ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը։

Բրեգաձեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման պայմաններին: Փոխնախարար Սարգսյանն ու ՔԿՀ ղեկավարը Բրեգաձեին են ներկայացրել դատապարտյալների բուժսպասարկման բաժանմունքը, խոհանոցը, գրադարանը:

Պաշտոնյաները համտեսել են նաև դատապարտյալների համար նախատեսված ճաշը, հետաքրքրվել են ընդհանուր ճաշացանկից, բուժսպասարկումից, դատապարտյալների կրթությունից, զբաղվածությունից:
Բրեգաձեն կարճ տեսակցություն է ունեցել նաև Վրաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, որոնք պահվում են «Արմավիր» ՔԿՀ-ում։
Տեսանյութում երևում է, որ պատվիրակությունը նաև Մայր աթոռ է այցելել։
Նշենք, որ Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Հայաստան է եկել հունվարի 26-ին։