ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Եթե 2020-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը ստացել է 14 780 դիմում, ապա 2021-ին Թաթոյանին ուղղված դիմումների թիվը 21 181 է եղել։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ամփոփելով իր վեց տարիների աշխատանքն անհատական գործերով։
«Աշխատանքս սովորաբար սկսում է առավոտյան 08:00-08:30-ին և ավարտվում 23:00-24:00-ին։ Չեմ մտաբերի որևէ դեպք, երբ ժամը վեցից հետո թողնեմ ու գնամ տուն»,-ասում է Թաթոյանը՝ հավելելով, որ հաճախ է լինում, որ կեսգիշերին էլ քաղաքացուց դիմում ստանում։
Թաթոյանը ներկայացնում է, որ, օրինակ, «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող մի կին, որը պատժի ժամկետի ավարտում էր գտնվում, նաև բուհում սովորելիս է եղել, և երբ դիմել է քննություն հանձնելու համար, մերժում է ստացել։ «Իմ խնդիրը չէր լուծվի, եթե չլիներ պաշտպանի աջակցությունը։ Ուշացումով՝ մեկ տարի անց, ավարտեցի բուհս»,-պատմում է կինը, որը կրթության շնորհիվ նաև աշխատանքի է ընդունվել և առաջին աշխատավարձը ստանալուց հետո ՄԻՊ գրասենյակ այցելել։
Թաթոյանի ստացած դիմումները տարբեր ոլորտներին են առնչվել՝ առողջապահական, սոցիալական, զինված ուժերի հետ կապված հարցեր։ Օրինակ՝ ՄԻ պաշտպանին մի քաղաքացի է դիմել ու ասել, որ սրտամկանի սուր կաթվածով քաղաքացուց սրտի անվճար վիրահատության փոխարեն գումար էին գանձել։ Պաշտպանի միջամտությամբ գումարը որպես հատուցում քաղաքացին հետ է վերցրել։
Թաթոյանը նշում է՝ հաճախ են մարդիկ դիմումներում գրում, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը վերջին հույսն է, որից սպասում են աջակցություն։ Իսկ դա ավելի է պարտավորեցնում ամեն կերպ հասնել հարցի դրական լուծման։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուին` ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։