Լարսի ճանապարհը մաքրում են. ովքե՞ր կարող են երթևեկել

Տեսագրությունում երևում է, թե ինչպես են ձնից մաքրում Գուդաուրի-Կոբի հատվածի երթևեկելի գոտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհին տեղակայված «Վերին Լարս» անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Կառույցը կադրեր է հրապարակել Facebook-ում, որոնցում երևում է, թե ինչպես է ընթանում ճանապարհի մաքրման աշխատանքը:
«Գուդաուրի-Կոբի հատվածը մաքրելուց հետո Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտի համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ պահպանվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկության արգելքը: Երթևեկությունն իրականացվում է միայն ձնապաշտպան թունելներով՝ պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը ներկա պահին Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին է։
Վրաստանի իշխանությունները շինարարական աշխատանքներ են տանում Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոմայրուղու Կոբի–Գուդաուրի հատվածի ամենաբարդ ու վտանգավոր Քվեշեթի–Կոբի շրջանցիկ ճանապարհը կառուցելու համար։ Նախնական տվյալներով` նախագիծն ավարտին կհասցվի 2024 թվականին։
Նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհ կառուցել, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում` 9 կիլոմետրանոց թունել Խաչի լեռնանցքի տակ։ Նախագիծը Եվրոպայում ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկն է համարվում։