ԵԽԽՎ–ը ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը

Վեհաժողովը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհարաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ձայների գերակշիռ մեծամասնությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» անվամբ բանաձևը, որի վերաբերյալ Facebook-ի իր էջում գրառում է արել ԱԺ փոխխոսնախ Ռուբեն Ռուբինյանը։
Ըստ բանաձևի, Հայաստանը նշանակալի առաջընթաց է ունեցել ժողովրդավարության զարգացման գործում սկսած 2018 թվականից ու հաջողությամբ դուրս է եկել քաղաքական լուրջ ճգնաժամից, որը սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով։
ԵԽԽՎ-ն նոր ղեկավար ունի
«Բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվեցին, ադրբեջանականական պատվիրակության բոլոր առաջարկածները՝ մերժվեցին»,–մասնավորապես գրել է Ռուբինյանը:
ԵԽԽՎ–ում բարձր են գնահատել Հայաստանի համագործակցությունը, վերջին ժամանակաշրջանում ԵԽ մի շարք կոնվենցիաների վավերացումը, ինչպես նաև Քրեական նոր օրենսգրքի և Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 44-օրյա պատերազմին՝ Վեհաժողովը նշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները, վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային պահպանման անհրաժեշտությունը, նշել ատելության խոսքի և գործողությունների անդընդունելի լինելը։ Վեհաժողովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհարաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Արցախյան պատերազմից հետո Հայաստանը դուրս է եկել քաղաքական ճգնաժամից. ԵԽԽՎ զեկույցը
Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական և օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները։
Հայաստանին կոչ է արվել շարունակել դատական բարեփոխումների իրականացումը: Նաև ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը: