Բանակի օրվան ընդառաջ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Բանակի օրվան ընդառաջ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք
Մի շարք եկեղեցականներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Էջմիածնի սուրբ Աստվածածին եկեղեցում կատարել է Հանրապետական մաղթանք: Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Արարողությանը մասնակցել են զինվորականները, Մայր Աթոռի միաբանները և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները։

Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել ընդունելություն, որի ժամանակ հայրենիքին մատուցած ծառայությունների համար Գարեգին Երկրորդը հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի է արժանացրել մի շարք բարձրաստիճան զինվորականների։

Մի շարք եկեղեցականներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։
Հայոց բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Այն լիովին կազմավորվեց 4-4,5 տարիների ընթացքում` իր առաջին «մկրտությունը» ստանալով հայ-ադրբեջանական պատերազմի տարբեր փուլերում՝ Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովելով։
Իսկ արդեն 1994թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները: Արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կազմված են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հինգ բանակային կորպուսներից։
Տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 28-ը ոչ աշխատանքային օր է: