ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում մանկապիղծները ցմահ կազատազրկվեն։ ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել համապատասխան օրինագծին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փաստաթուղթն արդեն ուղարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ստորագրության և հաստատման համար։
Օրենքի ընդունումից հետո ցմահ ազատազրկումը կկիրառվի
Կրկնահանցագործ մանկապիղծների նկատմամբ, որոնք բռնության են ենթարկել մինչև 18 տարեկան (նախկինում մինչև 14 տարեկան) երեխաներին։
Այն դեպքերում, երբ զոհ են դարձել երկու կամ ավելի երեխաներ
Հանցագործությունը կապված է մեկ այլ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման հետ։
Պատիժը խստացնելու նախաձեռնությունը Պետդումա է ներկայացվել սեպտեմբերին` Կեմերովոյի մարզի Կիսելյովսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ մանկապղծության համար նախկինում դատապարտված 41-ամյա Վիկտոր Պեստերնիկովը բռնաբարել և սպանել է տասը տարեկան երկու աշակերտուհու։