Փաստաթղթերի կեղծման դեմ պայքարում ՀՀ-ն և Վրաստանը կհամագործակցեն․ պայմանավորվածություն կա

Կարեն Անդրեասյանն ու Ռատի Բրեգաձեն
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Վրաստանի արդարադատության նախարարը Հայաստան է ժամանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության բնագավառում համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Տեղեկությունը հայտնում է արդարադատության նախարարությունը՝ հավելելով, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով ժամանել է Հայաստան։

«Վրաստանի արդարադատության նախարարը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի ուղղությամբ։ Դա հնարավորություն կտա երկու երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարները պայմանավորվել են նաև Վրաստանում փետրվարին հայ և վրացի իրավաբանների համագումար անցկացնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Վրաստանում գործող «Արդարադատության տներ»-ի փորձառությունը Հայաստանում տեղայնացնելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերին Վենետիկում Կարեն Անդրեասյանը հանդիպել էր Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ։ Հենց այդ ժամանակ էլ Անդրեասյանը վրաց գործընկերոջը Հայաստան էր հրավիրել։