ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ստամբուլի փողոցները լցվել են ձյան շերտի տակ մնացած ավտոմեքենաներով։ Ամառային անվադողերով մեքենաների վարորդները փորձել են ազատվել ձյան գերությունից, բայց անհաջող փորձերից հետո թողել են մեքենաները և հեռացել: Քաղաքի վարչակազմը կոչ է արել վարորդներին վերադառնալ և մեքենաները հեռացնել փողոցներից։
«Խնդրում եմ, որ արագ հեռացնենք տրանսպորտային միջոցները»,- Twitter-ում գրել է Ստամբուլի քաղաքապետ Ալի Երլիքայան:
Այդ ընթացքում Ստամբուլի միջազգային օդանավակայանում արդեն 2 օր մնացած զբոսաշրջիկներն էլ ապստամբում են և պահանջում են իրենց տուն ուղարկել։
Ստամբուլում տրանսպորտային կոլապս է առաջացել ձյան առատ տեղումների պատճառով։
Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանի մեծ մասի կտրուկ ցրտի պատճառը իսլանդական ցիկլոնն է: Սպասվում է, որ «Էլպիդա» կոչվող փոթորիկը կտևի առնվազն մինչև չորեքշաբթի, ինչը հետագայում կարող է հանգեցնել քաոսի:
Կարմիր մահիկի կազմակերպությունը սնունդ է մատակարարում նրանց, ովքեր չեն կարողացել տուն վերադառնալ և մնացել են փողոցներում։
Ձնաբուք է նաև Աթենքում։ Փակվել են դպրոցներն ու անգամ պատվաստման կենտրոնները։ Մասամբ կաթվածահար է եղել Հունաստանի մայրաքաղաքի մետրոն, քանի որ ձյան պատճառով արգելափակվել են նրա վերգետնյա հատվածները: