ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Խորհրդի ներկայացուցիչները կաթողիկոսին են ներկայացրել կալանքի մեջ գտնվող Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման իրավական գործընթացների մանրամասները: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել Մինասյանի առողջական վիճակի և կալանքի մեջ գտնվելու անհամատեղելիության առնչությամբ:
«Նորին Սրբությունը, բարձր գնահատանքով անդրադառնալով տիար Մինասյանի հայրենանվեր ու եկեղեցասեր գործունեությանը, միաժամանակ արձանագրեց, որ եկեղեցին զերծ է մնում իրավական գործընթացներին միջամտություններից։ Մայր աթոռի սպասումն է, որ դատավարական գործընթացներն իրականացվեն անաչառության ու բազմակողմանիության սկզբունքներով նկատի առնելով նրա առողջական վիճակը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը կաթողիկոսն անդրադարձել է նաև երկրի առջև ծառացած մարտահրավերներին և տիրող իրավիճակին։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը կալանավորվել է նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին, որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը` բավարարելով քննիչի 2020 թվականի նոյեմբերի 15-ի միջնորդությունը: Այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Իսկ ՀՀ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է։ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը երաշխավորություն էին ներկայացրել Մինասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈւ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն էլ անձնական երաշխավորությամբ հանդես գալու պատրաստակամություն էին հայտնել։ Սակայն մինչ օրս Մինասյանն անազատության մեջ է: