ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Երևանի Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկի մոտակայքում 71-ամյա քաղաքացին ընկել է փոսը և մահացել հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը երեկ` ժամը 17:47-ին, ահազանգ է ստացել, որ նշված փողոցում մի մարդ ընկել է փոսը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շինհրապարակում՝ երկաթե ամրանների վրա, անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակից Գ․ Կ․-ն (ծնված 1951 թ.)։
Փրկարարները երկաթե ամրանների վրայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Գ․ Կ․-ին. վերջինս հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։