ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացել է նախագահի հայտարարության հրապարակայնացումից շուրջ 3.5 ժամ առաջ։ Այս մասին Փաշինյանը հայտնեց այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ։
«Նա հրապարակումից մոտավորապես 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ, ու մենք խոսել ենք այդ մասին։ Ես հարցրել եմ` ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինձ տեղեկացնոմ է, որ կայացրել է որոշումը։ Ես ուզում էի հասկանալ` որոշումը քննարկման ենթակա՞ է, թե՞ ենթակա չէ, որից հետո ինքն ասել է, որ կայացրել է որոշումը»,- ասա Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ նախորդ առցանց ասուլիսի ժամանակ ինքը հայտարարել էր, որ Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ իր ու ՀՀ նախագահի տեսակետները տարբերվում են։ Բայց և հիշեցրեց, որ Արմեն Սարգսյանի` ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ չի փոխվել։
Անդրադառնալով Hetq.am-ի հրապարակմանը` Արմեն Սարգսյանի` ՀՀ քաղաքացի չհանդիսանալու մասին, Փաշինյանը դա քիչ հավանական համարեց։ Այդուհանդերձ, եթե հրապարակման մեջ կան այնպիսի փաստեր, որոնց պետք է արձագանքեն իրավապահ մարմինները, Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ վերջինները պետք է արձագանքեն դրան։
ՀՀ նախագահի նոր թեկնածուի հարցը, ըստ Փաշինյանի, քաղաքական մեծամասնությունը դեռ չի քննարկել։ Բայց իր համոզմամբ, նոր նախագահի ու քաղաքական մեծամասնության միջև պետք է լինի քաղաքական ներդաշնակություն։
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ հունվարի 23-ին, Հայաստանի նախագահը հրաժարականի մասին հայտարարություն տարածեց:
Հիշեցնենք` «Հետք» պարբերականը հետաքննություն է հրապարակել, որի համաձայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի պատճառը մեկն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը: Ըստ կայքի` Արմեն Սարգսյանը ոչ թե Միացյալ Թագավորության քաղաքացի է եղել, ինչպես ենթադրվում էր, այլ Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի։