ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ԱԺ նիստում ՄԻՊ թեկնածուի ընտրության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին մեղադրեց ոչ կոռեկտ լինելու մեջ։
Նշենք` իր ելույթում Ղազինյանը շեշտեց, որ սահմանադրությամբ ՄԻՊ–ի համար կա 1 պահանջ` հեղինակություն, և առնվազն մասնագիտական հանրույթը չի ճանաչում իշխանության առաջադրած թեկնածու Քրիստինե Գրիգորյանին։
«Մասնագիտական հանրույթի մոտ դուք չեք վայելում հարգանք և, ասեմ ավելին` չունեք հեղինակություն։ Հետևաբար, ձեր ընտրության պարագայում, ՀՀ–ն ոչ միայն չի ունենա իրական մարդու իրավունքների պաշտպան, այլև լուրջ ռիսկ կառաջանա հաստատված բարձր նշաձողի անկման համար։ Կարող ենք եզրակացնել, որ ձեր ընտրվելու պարագայում, իշխանությունը կստանա անձնական օգտագործման իրավապաշտպան»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Հակոբյանն էլ նշեց, որ հարգանքից խոսում է մի մարդ, ով 18 անգամ մերժվել է ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրության ժամանակ։
«Պարոն Ղազինյան, դուք ամենաբարձր պլանկա ունեցող մերժվածն եք ԱԺ–ում և, ընդհանրապես, կնոջ հետ և նրա մասին խոսելիս խորհուրդ եմ տալիս այլ հռետորաբանություն ընտրել։ Ո՞վ եք դուք, որ գնահատեք մասնագիտական հանրույթի հարգանքն ու հեղինակությունը։ Ձեր միակ ձեռքբերումը ձեր ազգանունն է, որ մասնագիտական հանրույթում բավականին հայտնի է»,– ասաց Հակոբյանը` դիմելով ընդդիմադիր պատգամավորին, ով այդ պահին դուրս էր եկել նիստերի դահլիճից։
ՔՊ–ական պատգամավորը կոռեկտության կոչ արեց Ղազինյանին ու հորդորեց չխոսել նման բառերով ԱԺ ամբիոնից։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի դեկտեմբերի սկզբին որոշեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2022 թվականի փետրվարի 23-ին։
Հունվարի 21-ին Փաշինյանն ազատել է Գրիգորյանին արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։