Նախագահն այս իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնություններին լուռ աջակցել է. Վարդևանյան

Արամ Վարդևանյան. Արխիվային լուսանկար
Արամ Վարդևանյանը կարծում է, որ նախագահի ինստիտուտը չի կայացել հենց Արմեն Սարգսյանի պասիվության և իներտության պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահի հրաժարականի հայտարարությունից պարզ է դառնում, որ Հայաստանը բարդ իրավիճակում է, առկա են նոր մարտահրավերների ռիսկեր: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հրաժարականին։
Երեկ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ` ասելով, որ հրաժարական է տալիս նախագահի պաշտոնից:
«Այս 4 տարիների ընթացքում հանրապետության նախագահն, ըստ էության, այս իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնություններին լուռ կերպով աջակցել է: Փաստացի այս 4 տարիները ցույց տվեցին, որ նախագահն առավելապես դժգոհում էր իր լիազորություններից՝ առանց ամբողջությամբ իրացնելու այդ լիազորությունները։ Հանրապետության նախագահի ինստիտուտը կարող էր բավականին լուրջ կայանալ»,- ասաց Վարդևանյանը։
ՀՀ նախագահի ասածը դեմարշ էր Փաշինյանի մտքում առկա փոփոխությունների կոնցեպտին. Ղազինյան
Նա որպես օրինակ նշեց, թե նախագահի լիազորություններն ավելի շատ են, քան Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, և մարդիկ տեսել են, թե ինչպիսի արդյունավետությամբ է աշխատում ՄԻՊ ինստիտուտը՝ ի պատիվ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի, բայց նաև տեսել են, թե ինչքան իներտ և պասիվ է հանրապետության նախագահի ինստիտուտը:
Վարդևանյանը հավելեց, որ նախագահի ինստիտուտը չի կայացել հենց Սարգսյանի պասիվության և իներտության պատճառով: