Հույս ունեմ, որ իրավիճակը չի սրվի մինչև ռազմական բախում. ՀՀ վարչապետը` Ուկրաինայի մասին

Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ 2013-14թթ–ից աշխարհում աշխարհաքաղաքական տեկտոնիկ գործընթացներ են սկսվել, որոնք մինչ օրս շարունակվում են ու այդ գործընթացներն են ազդել նաև տարածաշրջանում ու ԼՂ–ում առկա իրադրության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ռուս–ուկրաինական լարվածությունն օր օրի ավելանում է, իրավիճակը պայթյունավտանգ է, ու բնականաբար, այն չի կարող չհուզել Հայաստանին։
Այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ռուս–ուկրաինական հարաբերութունների ու կոնֆլիկտին ՀԱՊԿ հնարավոր մասնակցության մասին հարցին։

«Բնականաբար, մենք շահագրգռված ենք, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա Ուկրաինայում։ Մենք, հասկանալի է` շատ մեծ լծակներ չունենք այդ առումով, բայց, բնականաբար, ցանկացած իրավիճակում առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերին համապատասխան»,– ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ–ի ներգրավմանն ու այդ դեպքում ՀՀ–ի դիրքորոշմանը` որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, ՀՀ վարչապետը նշեց, որ չի ցանկանում հարցին պատասխանել «եթե»–ներով։
«Ես հույս ունեմ, որ այդ «եթե»–ներին բանը չի հասնի, և իրավիճակը չի սրվի մինչև ռազմական բախում»,– ասաց նա։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ 2013-14թթ–ից աշխարհում աշխարհաքաղաքական տեկտոնիկ գործընթացներ են սկսվել, որոնք մինչ օրս շարունակվում են ու այդ գործընթացներն են ազդել նաև տարածաշրջանում ու ԼՂ–ում առկա իրադրության վրա։
Կրեմլում շատ հավանական են համարում Դոնբասի վրա Ուկրաինայի հարձակումը
Հիշեցնենք` 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվան ԱՄՆ–ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագրի և Ռուսաստանի ու ՆԱՏՕ–ի անդամ երկրների անվտանգությունն ապահովելու միջոցների վերաբերյալ համաձայնագրերի նախագծեր է հրապարակել։ Մասնավորապես, Մոսկվան պահանջում է, որ դաշինքի ուժերը դադարեն հետխորհրդային երկրներում ռազմաբազաների կառուցումը, չմիացնեն Ուկրաինան և հրաժարվեն դեպի արևելք հետագա ընդլայնումից։
Հունվարին կողմերը մի քանի անգամ խորհրդակցություններ են անցկացրել, սակայն բանակցությունները դեռ կոնկրետ լուծումների չեն հանգեցրել։
Ռուսաստանը չի հանդուրժի, եթե Կիևն ու արևմտյան երկրները Դոնբասում սադրանքի դիմեն. Գավրիլով
Մոսկվան մտահոգություն է հայտնում, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն Ուկրաինան ռազմական պլացդարմ են դարձնում Ռուսաստանի դեմ։ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն` հարևան երկրին ներքաշում են դաշինքի մեջ, նրան սպառազինություն են մատակարարում։
Ռուսաստանը բազմիցս հերքել է Ուկրաինայի նկատմամբ «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ Արևմուտքի մեղադրանքները։ ՌԴ իշխանությունները նշում են, որ երկիրը որևէ մեկին չի սպառնում և որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի։