ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Պետության գլխի հրաժարականը պետք է շատ լուրջ ազդակ լինի բոլորին թե՛ ներսում, թե՛ դրսում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին:
Երեկ հայտնի դարձավ, որ Արմեն Սարգսյանը որոշել է հրաժարվել նախագահի պաշտոնից։
«Բոլորը սա պետք է ընդունեն որպես իրադրության փոփոխության փաստ և իրենց ներքին ու արտաքին քաղաքականությունն ադապտացնեն այս նոր իրավիճակին: Իսկ նախագահի հրաժարականի տեքստում ասվածը, թե Սահմանադրությամբ չունի լիազորություններ մի շարք իրավիճակներում զսպելու, այդպես չէ: Վերջին 1.5 տարվա ընթացքում նախագահն ուներ բազմաթիվ հնարավորություններ թույլ չտալու Սահմանադրության խախտումներ` կառավարության որոշումները ՍԴ ուղարկելով»,-ասաց Ղազինյանը:
Հարցին, թե ո՞րն էր այս դեպքում նախագահի հրաժարականին պատճառը, պատգամավորը պատասխանեց` դա պայմանավորված է արտաքին քաղաքական գործընթացներով, ապա նաև ներքին իշխանական վերադասավորումներով: Ղազինյանը նախագահի հրաժարականը կապեց հատկապես սահմանադրական փոփոխությունների հետ, որը նախաձեռնել է իշխանությունը։
Բացի այդ, պատգամավորը կարծում է` Սարգսյանը, տեղեկանալով այն ծրագրերի մասին, որոնք ունի այս իշխանությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, հրաժարական տվեց` չցանկանալով մաս կազմել այս ամենին:
Ղազինյանը նշեց` Սարգսյանն իր հրաժարականի տեքստում շատ պարզ նշել է, որ երբ ասում է` Սահմանադրությամբ իր լիազորությունները պետք է ավելանան, նկատի չունի, որ պետք է նախագահական կամ կիսանախագահական կառավարման անցնենք:
«Սա յուրօրինակ դեմարշ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտքում առկա փոփոխությունների կոնցեպտին առ այն, որ պետք է վերադարձ լինի կիսանախագահական համակարգին, որտեղ ՀՀ նախագահից պահանջելու էին հրաժարական տալ, որպեսզի արտահերթ ընտրություն տեղի ունենար: Այսինքն` նախագահն ավելի շուտ հրաժարական տվեց»,-ասաց Ղազինյանը:
Նա հավելեց, որ եթե Արմեն Սարգսյանը տեղյակ է, թե ինչ խնդիրների առաջ է կանգնելու ՀՀ–ն, պետք է հրապարակի այդ մասին:
Հիշեցնենք, որ Սարգսյանն իր հրաժարականի տեքստում ասել էր, թե մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: «Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը»,-ասել էր նա: Սարգսյանը հույս էր հայտնել, որ ի վերջո սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում: