Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik
Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին կարծում է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոգնել էր այն բանից, որ չէր կարողանում ազդել երկրում տեղի ունեցող գործընթացների վրա:
«Ամենայն հավանականությամբ, Արմեն Սարգսյանը որոշել է մասնակցել քաղաքական աշխատանքին, գլխավորել որևէ շարժում կամ կուսակցություն»,- ասել է նա։
Վոդոլացկին ավելացրել է, որ Հայաստանի նախագահը հոգնել էր, որ նոր Սահմանադրության համաձայն` իր պետության արտաքին և ներքին քաղաքականության վրա ազդեցության շատ սահմանափակ գործառույթ է ունեցել։
«Դրանից ելնելով՝ նախագահ Սարգսյանը որոշել է հրաժարական տալ, համարել է, որ այլևս չի կարողանա կատարել այդ դերը` ազդեցություն չունենալով այսօր պետության ներսում և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացների վրա»,-պարզաբանել է Վոդոլացկին։
Քաղաքական գործիչը նաև երկրորդ վարկածն ունի, թե ուր կարող է գնալ Արմեն Սարգսյանը։ Վոդոլացկին կարծում է, որ պատճառը կարող է լինել դիվանագիտական աշխատանքը, որում Սարգսյանը լավ է իրեն դրսևորել։ Հենց այդ պատճառով էլ նրա հրաժարականի հայտարարությունն այդքան «փափուկ» էր, առանց որևէ մեկին ուղղված կոշտ մեղադրանքների։
Վոդոլացկին վստահ է, որ Սարգսյանի հեռանալը ոչ մի կերպ չի ազդի Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա, քանի որ Հայաստանում իշխանության բոլոր լծակները նոր Սահմանադրությամբ գտնվում են կառավարության ձեռքում:
«Այսօր դա Փաշինյանն է»,-հստակեցրել է ՌԴ Պետդումայի պատգամավորը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Սարգսյանի խոսքով՝ իրեն խոստացել էին, որ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Բայց այդ խոստումներն իրականություն չեն դարձել։