ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայ ժողովրդի հանդեպ հնչեցրած հերթական սպառնալիքներին։ Ադրբեջանի ղեկավարը նշել էր, որ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սպառնա դրան, երկիրը պատրաստ է երրորդ պատերազմի գնալ և «ոչնչացնել այդ սպառնալիքները»։
«Վերջին մի տարում Ադրբեջանից հնչող հայտարարություններն ընկալելիս եկեք որոշ նրբություններ նկատենք, որ մեր իրականության մեջ չի նկատվում։ Եկեք տարբերակենք հայտարարությունների ռացիոնալ և էմոցիոնալ կողմերը։ Վերջերս մի վերլուծաբան իմ ուշադրությունը գրավեց իր նկատառումներով, նա ասում էր, որ այսօր Ադրբեջանից հնչած արտահայտությունները հայելային են Հայաստանից 1994-ից հնչած արտահայտություններին»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ 1994-ից Հայաստանից և Արցախից հնչել են «Արցախի հարցը լուծված է», «Բաքուն հայկական քաղաք» է արտահայտություններ, և այժմ Ադրբեջանը նույնն է անում։
Խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունման մասին, վարչապետը նշեց, որ ՀՀ ԱԺ-ն դեռևս 1992-ին ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։