Անցած 2021 թվականին շտապօգնության կանչերի թիվը զգալի ավելացել է։ Եթե 2020-ին ծառայությանը դիմել է 322167 քաղաքացի, 2021-ին շտապօգնության ծառայություն դիմած քաղաքացիների ընդհանուր թիվը հատել է 358300-ի շեմը (358306)։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
«Ինչպես միշտ այս անգամ էլ առաջին տեղում են սրտանոթային հիվանդությունները, սուր շնչառական հիվանդությունները, այնուհետև՝ վնասվածքները»,- ասաց նա։
Կորոնավիրուսով պայմանավորած կանչերի թիվը ևս 2021-ին ավելի շատ են եղել, քան 2020-ին։ Շնչառական վարակների դեպքում նվազման միտում է գրանցվել։
Ստեփանյանն ասում է` հիմա, երբ կորոնավիրուսի օմիկրոն շտամի ախտանշանները շատ նման են սեզոնային սուր շնչառական վարակների ախտանշաններին, բարձր ջերմություն ունեցող քաղաքացիների դեպքում շտապօգնության աշխատակիցները նրանց տեղափոխում են հիվանդանոց, որտեղ համապատասխան նմուշառում են վերցնում և կորոնաթեստի պատասխանից հետո համապատասխան բուժում սկսում։
«Շտապօգնության ծառայության աշխատակիցները տնային պայմաններում նմուշառում չեն վերցնում, եթե դրա կարիքն առաջանում է և հիվանդը թեստավորված չի լինում, ծառայությունը նրան տեղափոխում է համապատասխան բուժհաստատություն»,- նշեց Ստեփանյանը։
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենն արձանագրում է` վերջին տարիներին ծառայության կանչերի թիվն ավելացել է, սակայն սպասարկող խմբերի թիվը նույնն է մնացել։ Մի քանի տարի առաջ էլ, երբ օրական կանչերը 500-600-ն էին, նույն կազմով էին սպասարկում, այսօր էլ, երբ դրանք երբեմն 1000-ի են հասնում, դարձյալ նույն կազմով են։
«Դժվարությամբ, բայց հասցնում ենք։ Եթե մարդիկ դիմեն շտապօգնություն զուտ անհետաձգելի իրավիճակներում, աշխատակիցներն ամեն ինչ կհասցնեն, բայց կանչերի ժամանակ միայն նրանց 20 տոկոսն է տեղափոխվում հիվանդանոց, դա խոսում է այն մասին որ կանչերի մեծ մասը ոչ անհետաձգելի կանչերն են»,-պարզաբանեց նա և հավելեց, որ նաև այդ հանգամանքով է պայմանավորված հաճախ կարգավարական կենտրոնների (օպերատորների) հետ դժվարությամբ կապ հաստատելու հանգամանքը։
Վերջում Ստեփանյանը հիշեցրեց, որ բացի «1-03»-ը, շտապօգնության ծառայություն կարելի է զանգահարել նաև 010536651 հեռախոսահամարով։