Դավթյանը շարունակում է պաշտոնավարել. դատախազությունը հորդորում է չհավատալ բամբասանքին

Գոռ Աբրահամյանը վստահեցնում է, որ գլխավոր դատախազի գործունեությունն անհնարին դարձնող որևէ հանգամանք չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պաշտոնից հրաժարվելու մտադրություն չունի։ Տեղեկությունը հայտնում է նրա խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ Դավթյանը ամենայն հավանականությամբ չի պաշտոնավարի մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը՝ այս տարվա սեպտեմբերը: Ըստ թերթի` իշխանության ներսում դատախազին փոխարինող են փնտրում դեռ անցյալ տարվանից: Պարբերականը նշել էր նաև, որ Դավթյանը քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի Դաշնություն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցներից մեկում էլ առաջարկել է իրեն Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան նշանակել:
Դավիթ Տոնոյանը կշարունակի կալանքի տակ մնալ. պատգամավորների անձնական երաշխավորումը «չանցավ»

«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնականոն շարունակում է իր գործունեությունը, և այս պահին չկա դա անհնարին դարձնող որևէ հանգամանք։ Դեկան նշանակվելու կամ նմանատիպ որևէ զրույց ՀՀ գլխավոր դատախազը որևէ մեկի հետ չի ունեցել. գրված բամբասանքին նման մտավարժանքներով արժանահավատություն հաղորդելու փորձերը պրիմիտիվ են»,– Facebook–ի իր էջում գրել է Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է ՌԴ-ին քաղաքացիության հարցով դիմելուն, ապա, նրա խոսքով, այդ լուրը հերքել են դեռ 2021 թվականին, և արդեն հերքվածը կրկին հերքելու կարիք չկա:
«Պարոն Ղազինյան, ամենաբարձր պլանկա ունեցող մերժվածն եք». ՔՊ–ականը կոռեկտության կոչ արեց