ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 24-ին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ միասին ընդունել է Դադիվանք վանական համալիրում հոգևոր ծառայություն իրականացրած հոգևորականների մի մասին, որոնք շուրջ ութամսյա ծառայությունից հետո վերադարձել են հերթափոխից:
Տեղեկությունը հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Պետական նախարարը, բարձր գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի դերակատարությունը հոգևոր պայքարի առաջնագծում, ընդգծել է հատկապես հոգևոր ամենակարևոր արժեքները պահպանելու հարցում ստանձնած առաքելությունը: Արտակ Բեգլարյանը համոզմունք է հայտնել, որ, վերջիվերջո, և՛ Դադիվանքի, և՛ առհասարակ Արցախի կարգավիճակի ու անվտանգության հարցը կստանա արդարացի լուծում:
Հետպատերազմյան դժվարին պայմաններում Դադիվանքի վանական համալիրում անձնուրացաբար հոգևոր-ծիսական արարողություններ կատարելու, վանքախնամ աշխատանքներ իրականացնելու համար «Երախտագիտություն» մեդալով են պարգևատրվել երկու աբեղա և 3 սարկավագ: Պետական պարգևները հանձնել է Արտակ Բեգլարյանը։