Ակնհայտ է, որ նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունները չտվեցին բոլոր հարցերի պատասխանները ու չհաղթահարեցին Հայաստանի ներքաղաքական լուրջ ճգնաժամը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքական գործիչ, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Արմեն Սարգսյանի հայտարարությունը երկրի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։
«Բոլորի համար էլ հասկանալի է, որ նրա դերը լավագույն դեպքում հանգում է անգլիական թագուհու դերին՝ որոշումներ կայացնելուն միջամտելու շատ քիչ հնարավորությամբ։ Այդ հրաժարականը շատ վաղուց էր սպասվում։ Կարելի է միայն զարմանալ, որ դա այդքան ուշ է տեղի ունեցել», - ասաց Կոնստանտին Զատուլինը։
Ռուս խորհրդարանականի խոսքով՝ նախագահ Սարգսյանի հայտարարության նշանակությունն այն է, որ այն իրապես բնութագրում է Հայաստանում տիրող իրավիճակը: Գործող իշխանությունը, որը հիմնված է խորհրդարանական մեծամասնության վրա, երկրի ներսում ավելի ու ավելի քիչ հիմքեր ունի իր ուժերին վստահ լինելու համար։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանի թիմը չի կարողանում գլուխ հանել ներքաղաքական իրավիճակից։ Ակնհայտ է նաև, որ իշխանությունը մեծ դժվարությամբ է փորձում պաշտպանել Հայաստանի շահերը արտաքին ասպարեզում։
«Ավելի լավ կլիներ, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի արդյունքների ամբողջական պատասխանատվությունը և հրաժարական տար։ Դա հիմք կստեղծեր Հայաստանի քաղաքական դաշտը նորացնելու համար։ Բայց Փաշինյանը դա չարեց, նախընտրեց կառչել իշխանությունից և շարունակում է կառչել դրանից։
Մենք տեսնում ենք, որ այս քաղաքական ռեժիմը ավելի ու ավելի քիչ փաստարկներ ունի իր օգտին։ Այդ խնդիրը մեզ շատ լրջորեն անհանգստացնում է Ռուսաստանում, քանի որ այն անդրադառնում է և՛ հայ-ռուսական հարաբերությունների, և՛ Ռուսաստանի հանդեպ հայերի վերաբերմունքի վրա, և՛ ամենակարևորը՝ Հայաստանի՝ որպես դաշնակցի գործունակության վրա», - ասաց Զատուլինը։
Հիշեցնենք` այսօր երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա նշել է, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։